Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Այսօր ՔՊ-ն կբաժանի մարդկանց «մերոնք»-ի և «մյուսների», վաղը մեկ ուրիշը նույնը կանի

Այսօր ՔՊ-ն կբաժանի մարդկանց «մերոնք»-ի և «մյուսների», վաղը մեկ ուրիշը նույնը կանի
31.08.2026 | 21:22

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մարդիկ լացում են իրենց տների առաջ։ Տանը երեխաներ կան, կրծքի երեխա կա։ Ընտանիքներ կան, որոնք չգիտեն՝ վաղն ուր են գնալու, որովհետև քաղաքապետարանը որոշել է քանդել այդ տները:

Եվ այս ամենի ֆոնին որոշ մարդիկ ու քաղաքական գործիչներ գրում են. «ՔՊ եք ընտրել, տեղն է ձեզ»։

Այո՛, գուցե այդ մարդիկ իսկապես ՔՊ են ընտրել։ Գուցե սխալվել են։ Գուցե այսօր էլ չեն գիտակցում իրենց ընտրության հետևանքները։

Բայց մի՞թե դրա համար նրանք դադարում են մարդ լինել։

Ահա այստեղ է, որ այս պատմությունը դառնում է շատ ավելի մեծ, քան Շենգավիթում քանդվող մի քանի տների պատմությունը։

Տարիներ շարունակ խոսում էին ընտրովի արդարադատության դեմ։ Ասում էին՝ օրենքը չպետք է տարբեր կերպ գործի տարբեր մարդկանց նկատմամբ։

Բայց այսօր տեսնում ենք նույն մտածողության մեկ այլ դրսևորում՝ ընտրովի կարեկցանք։

Եթե մարդը «մերոնցից» է՝ ցավում ենք նրա համար։ Եթե «ուրիշներից» է՝ թող իր գլխին գա աղետը, ինքն է ընտրել։

Սա արդեն ոչ թե քաղաքական հայացքների տարբերություն է, այլ քաղաքական մշակույթի խնդիր։

Եվ այստեղ ես ամենից շատ զարմանում եմ հենց որոշ քաղաքական գործիչների վրա։

Ո՞ւմ համար են նրանք պայքարում։ Ո՞ր ժողովրդի համար։

Եթե իշխանության չլինելով՝ նրանք արդեն քաղաքացու դժբախտությունը գնահատում են նրա քվեով, ապա ի՞նչ երաշխիք կա, որ իշխանության գալուց հետո նույն վերաբերմունքը չեն ցուցաբերելու։

Ի՞նչ է փոխվելու։

Այսօր ՔՊ-ն կբաժանի մարդկանց «մերոնք»-ի և «մյուսների»։ Վաղը մեկ ուրիշը նույնը կանի՝ պարզապես իր «մերոնք»-ով։

Այդ դեպքում սա՞ է որոշների քաղաքական պայքարի նպատակը։

Նեղ կուսակցական «թայֆաբազությո՞ւն»։

Իշխանությունը փոխելն ինքնին դեռ փոփոխություն չէ։ Եթե փոխվում են միայն մարդիկ, իսկ մտածողությունը մնում է նույնը՝ «մերը ճիշտ է, ձերը՝ արժանի», ապա մենք պարզապես մի թայֆան փոխարինում ենք մյուսով։

Ներկա պահին քաղաքական հաշվեհարդար պահանջելը պարզապես մարդասիրության պարտություն է։

Այսօր նրանք են լացում։

Վաղը կարող է մեկ ուրիշը լինի։

Եվ եթե մենք սկսենք մարդկանց բաժանել «արժանի է կարեկցանքի» և «արժանի չէ կարեկցանքի»՝ ըստ այն բանի, թե ում են ընտրել, ապա վաղը այս երկրում այլևս ոչ ոք ապահովագրված չի լինի։

Կարելի է ատել նրա քաղաքական ընտրությունը։

Կարելի է խստորեն քննադատել։

Բայց երեխան պատասխանատվություն չի կրում ծնողների ընտրության համար։

Եվ երբ տեսնում ես լացող մոր, վախեցած երեխայի ու տունը կորցնելու վտանգի առաջ կանգնած ընտանիքի, քո առաջին արձագանքը պետք է լինի մարդուն տեսնելը, ոչ թե նրա քվեաթերթիկը։

Որովհետև քաղաքականությունը, որը մարդու մեջ առաջին հերթին տեսնում է ընտրողին, իսկ հետո միայն՝ մարդուն, վաղ թե ուշ նույն մարդուն վերածելու է պարզապես «յուրայինի» կամ «օտարի»։

Մենք դրա դեմ չէ՞ինք պայքարում։

Եթե ոչ, ապա հարցն իսկապես շատ պարզ է.

Ի՞նչ իշխանություն ենք ուզում փոխել, եթե մեր մեջ իշխանության նույն մտածողությունն ենք պահում։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 279

Մեկնաբանություններ